Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանն արձագանքելն է վերջին օրերին շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնք վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արք. Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանն օֆշորային գոտում ընկերություն են գրանցել:
Արարատյան Հայրապետական թեմի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված եւ վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ:
Այսպես կոչված «օֆշորային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի եւ ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգեւորականի մասին իր ունեցած պատկերացումներին:
Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
Սրբազանը դատապարտում է Երեւանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով:
Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր եւ վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել:
Նշվել էր նաեւ, որ հենց գործարար Աշոտ Սուքիասյանն է «Բենթլի» մակնիշի մեքենա նվիրել Նավասարդ Կճոյանին:



























