«Ժառանգություն» կուսակցության հավաքի ընթացքում, որին ներկա կլինեն ինչպես կուսակցականներ, այնպես էլ շարքային համախոհներ, ներկայացվելու է վարչության հաշվետվությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ նախանշված համագումարի փոխարեն տեխնիկական պատճառներով կուսակցական հավաք է կայանալու, համագումարը հետաձգվել է:
Հակոբյանի խոսքով, կուսակցական հավաքի ընթացքում ներկայացվելու է նաեւ խորհրդարանական խմբակցության հաշվետվությունը:
Հարցին, պատրաստ է կուսակցության ղեկավարությունը կուսակիցների եւ համախոհների հնարավոր քննադատությանը, Հակոբյանը պատասխանել է. «Մեր կուսակցության համագումարներն ու ժողովներն ընթանում են թափանցիկ մթնոլորտում, եւ քննադատություն միշտ եղել է: Մենք միշտ պատրաստ ենք լսել քննադատություն մեր հասցեին»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























