«Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի  որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը»: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ վերանշանակվելու է Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. «Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի  որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը: Զինված հարձակում էր, նա պաշտպանվել է: Թե չէ պաշտոնը ինձ համար խնդիր չէ: Պաշտոնով չի, որ ինձ կճանաչեն, պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել: Գործ էլ չստանամ, ես մնալու եմ իմ պետության զինվորը, շարունակելու եմ ամեն ինչ անել Սյունիքի համար»,- նշել է նա:

Սուրիկ Խաչատրյանը կարճ կապեց` «մի բան պարզապես չի կարող  չասել»: «Էսօր կարդացի, որ 1995 թվականին մարդ ա սպանել Տիգրանը: Էդ ժամանակ ինքը մի տարեկան էր»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: