Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասնովը մեղադրանքներ է հնչեցրել ՄԱԿ-ի հասցեին: Ըստ ադրբեջանցի պաշոտնյայի` ՄԱԿ-ը, ոչ ավել, ոչ պակաս, պաշտպանում է «ղարաբաղյան նարոկմաֆիային»:
Այսպես, Հասանովը սկզբում փորձում է համոզել, թե «արդեն 20 տարի Լեռնային Ղարաբաղում թմրանյութ պարունակող բույսեր են աճեցվում, իսկ դրանց վաճառքից ստացված եկամուտն ուղղվում է զենքի ձեռք բերմանը: Հասանովն ավելի հեռուն է գնացել եւ փորձել «ապացուցել», որ այդ տարածքներում «խոշոր ահաբեկչական խմբավորումներ են պատրաստվում, որոնք օգտագործվում են տարբեր երկրներում»: Նա նաեւ պարծեցել է, թե կարող են ապացուցել դա:
Միաժամանակ, Հասանովը դժգոհել է, որ միջազգային հանրությունը չի աջակցում ադրբեջանական կողմի առավել քան անհեթեթ պահանջներին. «Չնայած նրան, որ Ադրբեջանի պաշտոնական կառույցները հարցը բազմիցս բարձրացրել են, ոչ մի արձագանք չի եղել: Մենք հարց էինք բարձրացրել, որ Ղարաբաղով անցնող նարկոերթուղին ընդգրկվի ՄԱԿ-ի զեկույցներում, սակայն դա չարվեց: Իսկ դա վկայում է այն մասին, որ աջակցություն է ցուցաբերվում Ղարաբաղում նարկոմաֆիային»: Նման մեղադրանք ներկայացնելով ` ադրբեջանցի պաշտոնյան մոռացել է հայտնի ասացվածքը` դիմացինին սեփական արշինով չափելու մասին:




























