Այսօր՝ հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։
Եզրափակիչ փուլ անցած 4 թավջութակահարները հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ երրորդ փուլում հաղթանակի համար մրցում էին Իոնիցա Անդրեյը (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրան (Ռուսաստան), Մորոզովա Աննան (Ռուսաստան) եւ Խաչատրյան Գայանեն (Հայաստան)։
Մասնակիցները, ըստ իրենց նախապատվության, եզրափակիչ փուլի համար հնարավորություն էին ստացել ընտրելու Ա. Խաչատրյանի երկու ստեղծագործություններից մեկը՝ ռապսոդիան կամ թավջութակի կոնցերտը։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում։
Մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշեց, որ եզրափակիչ փուլում, անշուշտ, գնահատվելու է երաժիշտների կատարողական արվեստը: Սակայն Արամ Թալալյանը նկատեց, որ մրցույթը նաեւ նյարդերի պայքար է։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ինֆորմացիոն աջակիցներն են՝ «Պանարմենիան մեդիա գրուպ», Հանրային հեռուստատեսություն, «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Դար 21», NEWS.am, 1in.am, slaq.am, arminfo.am, panarmenian.net, «Նովոստի Արմենիա», bravo.am, mardik.am, emporium.am, hayyer.com, eritasard.am, «168 ժամ», «Իրատես de facto», «Վեմ» ռադիո, Լրատվական ռադիո 106.5։




























