Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն այլեւս չի հետաքրքրվում, թե ինչու էին որդու դեմ մահափորձ իրականացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հարություն Մանուչարյանը՝ հավելելով, որ ինքը գործի վերաբերյալ տեղեկություններ չունի:
«Միգուցե իրավապահները շատ լավ աշխատանքներ են տանում, պարզապես ես չեմ հետաքրքրում»,- նշեց նա: Մանուչարյանը հավաստիացրեց, որ ոչ ոք իրենցից չի խնդրել, որ մեղադրանքը հետ վերցնեն: Միաժամանակ կարծում է, որ կատարվածը պատահականություն է, որովհետեւ, ոչ ինքը, ոչ որդին ոչ ոքի վատություն չեն արել:
Հարցին, թե միտված չէ պայքարելո՞ւ, որ կալանավորվածները պատժվեն, նա պատասխանեց. «Գիտեք ինչ, եթե ինձ հետ կապված չէ, թող արդարադատությունը որոշի»:
Ավելի վաղ Բերդի քաղաքապետը NEWS.am-ին պատմել էր, որ իրենք Բերդում են ապրում եւ շաբաթ օրը որդին եկել էր Երեւան հարսանյաց հանդիսության մասնակցելու համար եւ նման դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ բողոքը հետ վերցնեն, հատկապես, եթե կարծում են, որ կատարվածը շփոթմունքի արդյունք է, քաղաքապետն արձագանքել էր. «Իհարկե, ոչ: Իմ կարծիքով շփոթմունք է, բայց շփոթմունքի համար էլ են մարդիկ պատասխան տալիս»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության տվյալների, այս տարվա մարտի 23-ին, ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում եւ շքամուտքում դեռեւս չպարզված հրազենով կրակել են 27-ամյա Անուշավան Մ.-ի եւ 40-ամյա Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ եւ 5.6 մմ տրամաչափի 3 պարկուճ եւ 9 մմ տրամաչափի 2 գնդակ: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 25-ամյա Բեգլար Հ.-ն եւ 30-ամյա Հրանտ Հ.-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն եւ ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների եւ «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով: Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ձերբակալված են: Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության:




























