Եթե ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին ԱԺ պատգամավորի մանդատ առաջարկեն՝ նա կհամաձայնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ինքը՝ Ռաֆիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ աշունը վերադասավորումներ են սպասվում եւ չի բացառվում, որ ԱԺ-ում պատգամավորի տեղ ազատվի:

«Դեռ երեք հոգի պետք է դուրս գա, որ իմ հերթը գա, հերթով է»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը: Դիտարկմանը, թե վերադառնալու ցանկություն ունի՞, թե՝ ոչ, նա արձագանքեց. «Միշտ էլ պատրաստ եմ»:

Պողոսյանը նաեւ պատմեց, որ խորհրդարանից հեռանալուց հետո զբաղվում է գիտական գործունեությամբ: Դասախոսություններ է կարդում,  ասպիրանտների է ղեկավարում, իսկ ազատ ժամանակ այգեգործությամբ է զբաղվում:

«Համալսարանը վաղուց հողեր էր տրամադրել` 1975թ-ից: Բջնիում սարի վրա այգի ունենք եւ հողագործությամբ եմ զբաղվում: Կարկուտը մեզ էլ է վնաս պատճառել, համարյա ամեն ինչը վնասել է: Խնձորը թողել է, մնացածը՝  վնասել»,- պատմեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ ավելացրեց, որ այգու բարիքները վաճառքի ենթակա չեն, պարզապես սեփական տնտեսությունը բավարարելու համար է: