Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձի կողմից դանակի մահացու հարվածներից սպանված «ԲԱՄՕ» ընկերությունների համասեփականատերերից Հովիկ Մուրադյանի դին արդեն տեղափոխում են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Մուրադյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները: Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունիսի 14-ին նրա հայրական տանը` Ծովասար գյուղում: Աավելի վաղ  NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձը դանակի մահացու հարվածներ է հասցրել գործարարին, ով Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է: Սպանությունը տեղի էր ունեցել Lotte Plaza հյուրանոցի մոտ` Մոսկվայի կենտրոնում: Դիմակավորված տղամարդը հարձակվել է մոտ 50 տարեկան անձի վրա եւ դանակի հարվածներ է հասցրել: Դրանից հետո հանցագործը մեքենայով թաքնվել էր դեպքի վայրից: Հովիկ Մուրադյանը հյուրանոցում հանդիպման էր եկել: Երբ Մուրադյանը դուրս էր եկել մեքենայից, նրան խակի գույնի հագուստով տղամարդ էր մոտեցել: Հասնելով գործարարին` հանցագործը դանակի երկու հարված էր հասցրել: Հովիկ Մուրադյանը 90-ականների սկզբին եղբոր հետ հիմնադրել էր «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը: Հովիկ Մուրադյանը եղբայրների հետ Մոսկվայում հիմնականում շինարարական բիզնեսով էր զբաղվում: Ավելին` նա եւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը շինարարական բիզնեսում գործընկերներ էին: Հարկ է նկատել, որ «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունների անունը ստեղծվել է չորս եղբայրների անվան առաջին տառերի հապավումից` Բորիս, Հակոբ (ռուսերեն՝ Ակոբ), Մուրադ եւ Հովիկ (ռուսերեն՝ Օվիկ):