Թուրքական իշխանությունները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գրեթե մինչեւ առավոտ բանակցել են ցուցարարների ներկայացուցիչների հետ, որոնք արդեն երկու շաբաթ բողոքում են Ստամբուլի կենտրոնում։

Բողոքողներն իշխանությունների հետ հանդիպումը դրական են գնահատել եւ ընդգծել, որ հետագա քայլերը կքննարկեն «Գեզի» այգում մնացած գործընկերների հետ։ Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ իշխանությունները պատրաստ են այգում տարածքում վերակառուցման ուղղությամբ հանրաքվե անցկացնել, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին հրապարակվել էին խռովությունների հետեւանքով տուժածների  թվի վերջին տվյալները։ Ըստ Turkish Medical Association-ի՝ զոհվել է հինգ մարդ եւ վիրավորվել հինգ հազարից ավելին։ 

Թուրքիայում զանգվածային բողոքներն սկսվել էին մայիսի վերջին՝ Ստամբուլի կենտրոնում «Գեզի» այգու ծառահատման եւ այդ վայրում առեւտրի կենտրոն կառուցելու ու հին կայազորները վերականգնելու վերաբերյալ իշխանության որոշումից հետո։ Շատ շուտով բնապահպանական կոչերը վերածվեցին քաղաքականի՝ Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով։

Իշխանությունները դաժանորեն արձագանքեցին  ցուցարարների ելույթներին՝ նրանց ցրելու համար կիրառելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Հունիսի 13-ի առավոտյան Էրդողանը ցուցարարներին վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով  մեկ օրվա ընթացքում լքել այգին եւ հրապարակը ։