Բնական է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը փորձում է պաշտպանել որդուն, իսկ մեզ մնում է միայն հետեւել քննության ընթացքին: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունն այն մասին, որ իր որդին պարզապես դիմել է ինքնապաշտպանության:
Փոստանջյանի գնահատմամբ, քննությունն արդեն կողմնակալ վերաբերմունք է դրսեւորել, դրա ապացույցն էր զինդատախազի մամուլի ասուլիսը:
«Չեմ կարծում, որ այսդ աղմկահարույց գործը կբացահայտվի այնպես, ինչպես ակնկալում է հանրությունը: Այս պահին քննության ընթացքը հավատ չի ներշնչում», - ընդգծել է Փոստանջյանը՝ կրկին հավելելով, որ հազիվ թե հանցագործությունը հավուր պատշաճի բացահայտվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























