Իշխանությունների ցանկացած գործողություն ոչ միայն պետք է վերահսկվի հանրության կողմից, այլեւ դրվի կասկածի տակ: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի ընթացքում (ֆոտոռեպորտաժ):
Տ. Սարգսյանի խոսքով` պետական մարմիններում հաճախ դժգոհում են հասարակության կողմից անընդհատ կասկածվելու համար, սակայն դա քաղաքացիական հասարակության կայացման պարտադիր տարր է: «Հասարակությունն իրավունք ունի կասկածելու»,- ասաց Տ. Սարգսյանը: Բացի այդ, ըստ Տ. Սարգսյանի, իշխանությունը պարտադրանքի մենաշնորհ ունի, ու հասարակությունը պետք է վստահ լինի, որ պարտադրանքի գործիքը չի չարաշահվի:
Ըստ վարչապետի` հայ հանրությունն այս պահին գոյաբանական կարեւորագույն խնդիրներ է լուծում, իսկ դրա համար կարեւորվում է ոչ միայն հասարակության ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ, այլեւ` պատասխանատվությունն ու պրոֆեսիանալիզմը: «Հասարակությունը պետք է պատրաստ լինի զանազանել ճիշտը ստից… Հանրությունն ընկալում է սենսացիոն լուրերը, իսկ լրատվամիջոցները չեն զտում այդ ինֆորմացիան, որը կրում է նեգատիվ ազդակներ… Ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն եւ մշտական դժգոհություն… »,- ասաց Տ. Սարգսյանը: Վարչապետի կարծիքով` պետք է պատասխանատվության կանչել այն մարդկանց, որոնք ոչ ստույգ տեղեկություններով ստվեր են գցում ազնիվ մարդկանց վրա, սակայն դա երբեմն դիտվում է որպես ճնշում ընդդիմադիրների նկատմամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























