Հայաստանի հանրապետական կուսակցությունը մենաշնորհում է երկրի քաղաքական դաշտը՝ միաժամանակ հանդես գալով եւ իշխանության, եւ ընդդիմության դիրքերից, ինչն ինքնին աբսուրդ է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի դիտողությունները ՝ նախօրեին Վերահսկիչ պալատի 2012թ. գործունեության հաշվետվության լսումների ընթացքում:
Ռուստամյանի խոսքով՝ իշխանությունները գերադասում են քննադատի դերում հանդես գալ՝ ճնշելով ընդդիմությանը, որպեսզի այն չհասցնի դա անել. «Նրանք մտածում են ՝ ավելի լավ է ես քննադատեմ, քան ընդդիմությունը: Սակայն իշխանությունը չի հասկանում, որ քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ եթե խոստովանություն ես անում, դրան պետք է հետեւի զղջումը: Նրանք սահմանափակվում են միայն խոստովանությամբ: Բայց ես շատ ուրախ եմ, որ երեկ խորհրդարանի խոսնակը քննադատությամբ հանդես եկավ»: Պատգամավորը նաեւ հավելեց, որ իշխանությունները ջանում են ամեն ինչում լինել առաջինը, նույնիսկ երբ խոսքն իրենց կուսակիցներին քննադատելու մասին է, որպեսզի այդ գործն ընդդիմությանը չթողնեն:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր ֆինանսական խախտումներ կատարած պաշտոնյաներին պատժելու անհրաժեշտության մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























