Այսօրվանից արդեն ամառը  մտնում է իր իսկական դերի մեջ: Այս  մասին այսօր` հունիսի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ԱԻՆ Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան ծառայության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր առավելագույն ջերմաստիճանը սպասվում է Արարատյան դաշտում` 35 աստիճան կարձանագրվի: Խոսելով սեզոնային կանխատեսումներից նշեց, որ այս տարվա ամառը լինելու է սովորական եւ առանձնակի շատ բարձր ջերմաստիճան եւ արտառոց տեղումներ  չեն սպասվում: «Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ: Սյունիքում եւ Վայող Ձորում նորմայից պակաս: Այսինքն` հունիսին հարավային կեսում կլինի չոր, հուլիսին հյուսիսային կեսում կլինի փոքր ինչ խոնավ: Մնացած շրջաններում եւ ջերմաստիճանը եւ տեղումները կլինեն նորմայի սահմաններում: Օգոստոսին էլ օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ՝ ամսական տեղումների քանակը նորմային մոտ: Արարատյան դաշտում, Վայոց Ձորում, Սյունիքում նորմայից պակաս»,- ավելացրեց Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերին թեեւ աշնան առաջին ամիսն է, բայց կլիմայական բնութագրով սեպտեմբերը արարատյան դաշտում, մայրաքաղաքում լրիվ ամառ կլինի: Իսկ տեղումները կլինեն նորմայից պակաս: Իսկ ամենատաք ամիսները Հայաստանում հուլիս եւ օգոստոս ամիսներն են եւ միջին ամսական ջերմաստիճանը այդ ամիսներին տատանվում է 25 –26 սահմաններում: