Գորիսի միջադեպը բավականին լուրջ էր, եւ մենք բոլորս պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ դեպքի հետաքննությունը, որպեսզի ամեն ինչ արդար կերպով ընթանա եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Հակառակ դեպքում երկրում անելանելի վիճակ կստեղծվի: Այս մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հունիսի 14-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով` երկրում ձեւավորվել է անպատժելիության մթնոլորտ: «Սա Սյունիքի մարզում առաջին դեպքը չէ» Երբ նշանակվեց ներկայիս վարչապետը, Սյունիքի մարզում խախտումների պատճառով ստուգումներ իրականացվեցին: Սակայն հետո պարզվեց, որ մարզում ոչ միայն չարաշահումներ չկան, այլեւ պետք է խրախուսել մարզպետին»:

Ռուստամյանը նաեւ ընդգծել է, որ անպատժելիության մթնոլորտ տիրում է ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ երկրի մյուս մարզերում, մասնավորապես, այնտեղ, որտեղ մարզպետները երկար ժամանակ են պաշտոնավարում եւ հասցրել են ծառայություններ մատուցել ղեկավարությանը: