Կոռուպցիոն նոր սկանդալ Ռուսաստանում: Նախօրեին հաղորդում է ստացվել Մեծ թատրոնի վերակառուցման ընթացքում 100 մլն ռուբլու յուրացման մասին: Ավելի ուշ գործում հայտնվել է առաջին կասկածյալը՝ Ալեքսանդր Սեմչենկոն, որը ՌԴ նախագահին առընթեր Կրոնական միավորումների հետ փոխգործակցության հանրային խորհրդի անդամ է, եպիսկոպոս եւ Ռուսաստանի ավետարանչական քրիստոնյաների եկեղեցիների միության նախագահը, համատեղությամբ՝ «Տեպլոտեխնիկ» ՍՊԸ-ի տնօրենն է:
Հունիսի 13-ին խուզարկություն է կատարվել Սեմչենկոյի առանձնատանը: Քիչ ավելի ուշ դատարանը նրան երկու ամսվա տնային կալանքի է դատապարտել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Սեմչենկոն դատարանում հայտարարել է, որ ոչ մի մեղք չունի եւ որ իրեն հետապնդում են կրոնական հայացքների համար:
Քննության վարկածով՝ 2005թ. «Տեպլոտեխնիկ» ՍՊԸ-ն Մեծ թատրոնի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ պետական պայմանագիր է կնքել: Վերանորոգումը մասնակի է կատարվել, այն էլ՝ խախտումներով: Այնինչ պատվիրատուն վճարել է ամբողջ գումարը՝ 647 մլն ռուբլի: Սեմչենկոյի ընկերությունը, ըստ քննության վարկածի, 90 միլիոնն ապօրինաբար է ստացել:




























