Իշխանությունները փորձում են ՀՀ վարչապետին վերածել քավության նոխազի, եւ ինձ մոտ նրան պաշտպանելու ցանկություն է առաջանում: Այս մասին ԱԺ-ում հունիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Տեղի ունեցողը միայն վարչապետի մեղավորությունը չէ: Այդ ամենը կարգավորվում եւ իրականացվում է մեկ մարդու` Սերժ Սարգսյանի, հրամանով: Համակարգն է երկրում այդպիսին: Բոլոր ոլորտներում հաջողության հասնելու համար կեղծիքներ են անհրաժեշտ: Այս համակարգը հատուկ է ստեղծվել, որպեսզի իշխանությունը վերահսկի կեղծարարներին, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում զոհաբերի նրանց»,-ասել է Մանուկյանը:
Նրա գնահատմամբ` եթե վարչապետը համաձայներ Կիպրոսում օֆշորների հարցով հետաքննության համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, դա հնարավորություն կտար հերքել տեղեկություններն այն մասին, որ նա մասնակից է սկանդալին:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցին, որտեղ մի շարք խախտումներ էին հայտնաբերվել, Մանուկյանն ընդգծել է, որ արդեն 3-րդ տարին է, ինչ ՎՊ-ը նմանատիպ դեպքեր է ներկայացնում, սակայն հետեւանքներ չեն արձանագրվել, դրանք չեն լինի նաեւ այս անգամ. «Վերահսկիչ պալատի զեկույցը շոու էր»:



























