Այսօր՝ հունիսի 14-ին, Երեւանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը  ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ կազմակերպել են երկօրյա դասընթաց, որտեղ քննարկվելու են երրորդ կողմի կարծիք ներկայացնելու հեռանկարները սահմանադրական եւ մարդու իրավունքների միաջազգային ատյաններին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարումը:

Դասընթացի նպատակն է գտնել ուղիներ՝ մարդու իրավունքների կոնկրետ գործերով մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կարծիքներ մշակելու համար, ներառյալ ՄԻԵԴ-ի վճիռների կիրառման վերաբերյալ:

Դասընթացին մասնակցում են շուրջ 30 փաստաբաններ եւ իրավապաշտպաններ Հայաստանի տարբեր մարզերից. այն վարում են բրիտանական «Ինտեռայթս» հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչներ եւ տեղական փորձագետներ: Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն ՄԻԵԴ-ի վճիռների կիրառման եւ իրականացման փորձը, գործերի վերաբացման վերաբերյալ իրավական հարցերը, ՄԻԵԴ-ի բարոյական վնասի վերաբերյալ նախադեպային իրավունքը  եւ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված կարծիքների հիմնավորվածությունը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ընդգծեց փաստաբանների եւ իրավապաշտպանների դերը՝ երկրում մարդու իրավունքները եւ իրավունքի գերակայությունը խթանելու հարցում: «Այսպիսի լայն մասնակցությամբ դասընթացը նպաստում է բաց, տեղեկացված եւ մասնագիտական քննարկմանը, որը կարեւոր է իրավաբանների հմտությունների շարունակական ամրապնդման եւ տեղական ու միջազգային ատյաններում իրենց արդյունավետ ներգրավման համար»,-ասաց նա:

Դասընթացը հաջորդել է ԵԱՀԿ-ի կողմից անցյալ տարի իրականացրած ծրագրին փաստաբանների եւ իրավապաշտպանների համար amicus curiae («դատարանի բարեկամ») համառոտագրեր պատրաստելու վերաբերյալ, որի արդյունքում Սահմանադրական դատարան յոթ գրավոր կարծիք ներկայացվեց եւ երկու խնդրանք ՄԻԵԴ կարծիք ներկայացնելու համար:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց. «2010 թ.-ից ի վեր մեզ հաջողվել է Սահմանադրական դատարան ներկայացնել կարծիքներ յուրաքանչյուր գործի վերաբերյալ, որին ընթացք է տրվել: ԵԱՀԿ-ի աջակցությամբ, մենք ձգտում ենք զարգացնել Պալատի եւ հարակից մարմինների կարողությունները` ստեղծելու amicus curiae համառոտագրերի աշխատող մեխանիզմ, որը մինչեւ այսօր Հայաստանի համար բավականին յուրահատուկ փորձ է»: