Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել  եւ միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երեւան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների եւ համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդների տեղադիրը, չափը, գունային լուծումը եւ գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ, հաշվի առնելով Երեւանի ճարտարապետական տարբեր ոճերի համադրումը, մայրաքաղաքում արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով եւ տեղադրմամբ պետք է չխախտի առանձին կառույցների ու փողոցների ճարտարապետական ամբողջականությունը: Ըստ այդմ, մշակվել են գովազդային վահանակների տեղադրման հնարավոր վայրերը, հատվածները, որոնք չեն փակի ու ծածկի ֆասադային նախշերն ու ճարտարապետական այլ տարրեր, կլինեն պատուհաններից եւ դռներից որոշակի հեռավորության վրա:

Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաեւ, որ այս օրերին մայրաքաղաքում լայն թափով իրականացվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող գովազդային պաստառների եւ վահանակների ապամոնտաժում: Աշխատանքներին զուգահեռ, տնտեսվարողներին ցուցաբերվում է անվճար խորհրդատվություն եւ մատուցվում անվճար դիզայներական ծառայություններ:

Այսուհետ տեղադրված եւ նոր տեղադրվելիք բոլոր վահանակները կհամապատասխանեցվեն գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների եւ համաչափությունների հաստատված նախագծին: Առաջիկայում չափորոշիչներին հնարավոր կլինի ծանոթանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Նշվել է նաեւ, որ մշակվում են գովազդների գունային լուծումների, մասնավորապես՝ որոշակի նշանակության օբյեկտների, վահանակների պատրաստման նյութերի,  լուսավորության եւ մի շարք այլ առանձնահատկությունների վերաբերյալ նախագծեր:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել նաեւ դիզայներական նոր  առաջարկներ ներկայացնելու պահանջով: