Իշխանափոխության պարագայում Վրաստանում արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ փոփոխություններ տեղի չունեցան: Այս մասին հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Ջոննի Մելիքյանը:

«Տարածաշրջանային հավասարակշռության մասին խոսվում էր նաեւ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակ: Անգամ 2011թ ընդունված Վրաստանի Ազգային անվտանգության դոկտրինայում գրված է, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, ռազմավարական են համարվում նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունները»,-ընդգծել է Ջոննի Մելիքյանը` Վրաստանի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը պայմանավորելով էներգետիկ անվտանգությամբ եւ ադրբեջանական գազից երկրի կախվածությամբ:

Նրա համոզմամբ` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմն իշխանության գալով` փորձեց իր արտաքին քաղաքականության հիմքում պրագմատիզմ դնել: «Մինչեւ հոկտեմբեր պետք չէ ակնկալել իրական փոփոխություններ, սակայն հոկտեմբերից հետո կարող են նոր գործընթացներ սկսվել»,-ասել է փորձագետը, ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ռուս-վրացական հարաբերությունները կարգավորվում են, եւ արդեն նկատելի է առաջընթացը առեւտրային եւ տնտեսական կապերում: