Ես ոչ մի բիզնես չունեմ եւ ես, ընդհանրապես, բավական բարի մարդ եմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, որտեղ նա ներկայացված է օլիգարխին դերում:

«Ես բարյացկամ մարդ եմ, եւ եթե ես ալրաղացները ունենայի, ապա այդ հոդվածի պատվիրատուներին թեփ կուղարկեի: Որոշ գաճաճների թվում է, որ «խրուշչովկան» էլիտար շենք է: Ես երկու բնակարան չունեմ, դա սուտ է: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում երկու տարի առաջ ես վարկով, 64 քմ ընդհանուր տարածքով բնակարան եմ գնել: Այդ շենքը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին: Դա էլիտար շե՞նք է: Գյումրիում ես ապրում եմ հայրական տանս»,-ասաց Մարգարյանը, հավելելով, որ ողջ կյանքի ընթացքում երբեք չի դատապարտվել:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am