Մոսկվայի «Լեֆորտովո» բանտում գտնվող Մախաչկալայի քաղաքապետը ինքնասպանության փորձ է կատարել, հայտնում է «Իզվեստիան»: Բանտի հսկիչներից մեկը տեսել է, որ նա արյան մեջ կորած պառկած է մահճակալին: Քաղաքապետին արագ տեղափոխել են հիվանդանոց:
Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի պատիժների իրագործման դաշնային ծառայությունից: Գերատեսչության ներկայացուցիչ Քրիստինա Բելոուսովան հայտնել է, որ պաշտոնյան այժմ հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության տակ:
Նրա վիճակը բավարար է: Ինքնասպանության փորձից հետո Սայիդ Ամիրովին հոգեբուժարան են ուղարկել, որտեղ բժիշկները նրա մոտ «ընկճախտ» են հայտնաբերել:
Ավելի վաղ Ամիրովի փաստաբանները հայտարարել էին, որ հաշմանդամի սայլակին գամված բանտարկյալը չի հարմարվում «Լեֆորտովո» բանտի պայմաններին:
Հիշեցնենք, Ամիրովին մեղադրում են քննիչ Արսեն Հաջիբեկովի սպանությունը կազմակերպելու մեջ: Նա ձերբակալվել էր հունիսի 1-ին՝ Մախաչկալայում կատարված հատուկ գործողության ընթացքում: Նրան տեղափոխել էին Մոսկվա, որտեղ էլ պաշտոնական մեղադրանք էին ներկայացրել ու կալանավորել:




























