Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության քննարկման ընթացքում ե՛ւ շոու եղավ, ե՛ւ շատ պոպուլիզմ, սակայն իշխանությունն ընդդիմության տեղի վրա աչք չունի:

Պարզապես ընդդիմությունն ինքը զրոյական մակարդակում է, թեեւ ընդդիմադիրների  շարքերում կան ակտիվ գործիչներ, այդ պատճառով իշխանությունը ստանձնեց եւ ընդդիմության, եւ իշխանության գործառույթը: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ  խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ի պատասխան հարցին, թե ինչպես է նա գնահատում ընդդիմության դիրքորոշումը, որն իշխանության նման մոտեցումը եւ անհետեւողական լինելն անվանում է ցինիզմ, Սահակյանը նշել է. «Ընդդիմությունը ոչնչում մեղավոր չէ: Մենք պարզապես ընդդիմության բեռը մեզ վրա ենք վերցրել: Եվ ճիշտ էլ անում ենք: Իշխանությունը պատասխանատվություն ունի, որի շրջանակում էլ ամեն ինչ պետք է կարգավորվի»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը չի կարդացել «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը եւ փորձում է Ազգային ժողովը դատական մարմնի վերածել: Սահակյանը նաեւ նշել է, որ քաղաքական քննարկումներից հետո կլինեն նաեւ վարչական եւ քրեական գործեր:

Ըստ Սահակյանի՝ հայ հասարակությունը կարծում է, որ այն օրը, երբ ընդդիմադիրն իշխանության է գալիս, նա դառնում է ստոր թալանչի. «Առաջին հերթին պետք է փոխել այդ հոգեբանությունը, իսկ դրա համար մենք պետք է գտնենք խնդիրը եւ այն ցույց տանք հասարակությանը»:

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ ճիշտ չէ բոլոր հանցագործությունների մեղքը բարդել միայն մեկ պաշտոնյայի վրա, քանի որ դա հասարակական երեւույթ է, եւ «քաղաքական ու հասարակական ուժերը պետք է  հետեւողական լինեն, որպեսզի այդ հանցագործությունների եւ խախտումների մասին բացահայտ խոսեն»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am