Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Աբովյան, Էլարի 8) տեղի կունենա Մարո Գուլոյանի քրեական գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ շուտով կլրանա 20-ամյա Մարո Գուլոյանի մահվան 1 տարին: Վերջինս, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Սակայն պաշտոնական վարկածը եւ գործի փաստական հանգամանքները էապես հակասում են միմյանց:

Կանանց իրավունքների կենտրոնի փոխանցմամբ՝ Մարո Գուլոյանը, ով ուներ մեկ դուստր եւ մահվան պահին հղի էր երկրորդ երեխայով, մահացել է ամուսնու տանը` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

«Մարոն մշտապես բռնությունների է ենթարկվել ամուսնու` Գեւորգ Գուլոյանի կողմից, ով խորապես տարված էր խաղամոլությամբ ու չէր աշխատում: Ըստ քրեական գործի   նյութերի` Մարոն ինքնասպան է եղել լոգարանում խալաթի գոտիով կախվելու միջոցով:

Գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի  մարզի քննչական բաժանմունքում, որն էլ 2013թ. ապրիլի 22-ին որոշում կայացրեց քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով (քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով)»,-ասված է Կանանց իրավունքների կենտրոնի հաղորդագրության մեջ: