Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջեւ այսօր ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթուղթն ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Հուշագրով կողմերի միջեւ համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաեւ կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Միհրան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարեւորեց հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ հարկադիր կատարման ծառայությունը կադրերի պատրաստման խնդիր ունի: «Բազմիցս նշել եմ, որ ծառայությունը հարկադիր կատարման դպրոցի հիմնման խնդիր ունի, ուստի այս հուշագրի նպատակներից մեկը նաեւ այդ բացի լրացումն է, որն էլ կիրականացնենք իրավագիտության ֆակուլտետի հետ: Խոսքը վերաբերում է եւ՛ կադրերի պատրաստմանը, եւ՛ աշխատակիցների վերապատրաստմանը, ինչպես եւ մի շարք իրավական խնդիրների լուծմանը»,- ասել է նա:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը վստահեցրել է, որ այս հուշագրի ստորագրմամբ Հայաստանում շատ արագ զարգացող հարկադիր կատարման ոլորտում իր ղեկավարած ֆակուլտետի ուսանողները կստանան պրակտիկ փորձ հավաքելու հնարավորություն:

ԴԱՀԿ ապահովող ծառայաությունը ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետին է նվիրել խորհրդանշական հուշանվեր՝ արդարության Աստվածուհի Ֆեմիդայի արձանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարեւորել է տարբեր կառույցների, այդ թվում նաեւ պետական կառավարման մարմինների հետ համագործակցությունը, որը տեղավորվում է 21-րդ դարի համալսարանի՝ կորպորատիվ համալսարանի գաղափարի մեջ: Ըստ նրա՝ այն երկուստեք խիստ օգտակար կլինի թե՛ հասարակության, եւ թե՛ պետության համար:

Հուշագրի գործողության շրջանակներում Կողմերը կհամագործակցեն հետեւյալ ուղղություններով՝

• ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից մշակվող, ինչպես նաեւ ծառայության քննարկմանը ներկայացվող օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի` խորհրդատվական բնույթի մասնագիտական փորձաքննություն Իրավագիտության ֆակուլտետի կողմից.

• ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ծագող իրավաբանական խնդիրների վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրում Իրավագիտության ֆակուլտետի կողմից.

• Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներգրավում հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացներին.

• Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ուսումնական ծրագրով նախատեսված պրակտիկաների կազմակերպում ԴԱՀԿ ապահովող ծառայությունում.

• Իրավագիտության ֆակուլտետում կատարվող գիտական հետազոտությունների համար պրակտիկ նյութերի, փաստաթղթերի, վիճակագրական տվյալների տրամադրում ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից: