Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համաղեկավար, Սոկոլով բիզնես-դպրոցի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչու ցանկություն չունի դառնալու ՀՀ նախագահ:
«Դոժդ» հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ընթացքում Սոբչակը հետաքրքվել է, արդյոք Վարդանյանը չի մտածել հետեւել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օրինակին, իր բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանի վրա, իր փոքրիկ հայրենիքում մեծ կարիերա կառուցել, քաղաքական գործիչ դառնալ, իսկ 10-15 տարի անց նախագահի պաշտոն զբաղեցնել:
«Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Ես շատ բան եմ անում Հայաստանի համար, որպես Ռուսաստանի քաղաքացի` ես օգնում եմ իմ հայրենիքին, որոշ նախագծեր եմ իրականացնում: Սակայն կարծում եմ, որ ես «լավն եմ» այնտեղ, որտեղ ես անում եմ այն, ինչ լավ եմ կարողանում անել»,-ասել է նա:
Վարդանյանի խոսքով` Հայաստանն «իր խնդիրներն ունի, իր խավարասերները»` որպես միազգ պետություն, որն ունի կառավարման շատ խիստ կլանային համակարգ: Սակայն Սոբչակի այն ենթադրության հետ, որ հայկական իշխանությունները, իմանալով Վարդանյանի ռեսուրսների մասին, չեն ցանկանում թույլ տալ նրա ազդեցության ավելացում երկրի ներսում, գործարարը համաձայնել է:
«Չէ, ես լավ հարաբերությունների մեջ եմ իշխանությունների` երկրի ներկայիս ղեկավարության հետ…Կարծում եմ, որ ես վատ քաղաքական գործիչ ու ղեկավար եմ, չունեմ այնպիսի որակներ, որոնք ինձ թույլ կտան հաջողակ քաղաքական գործիչ դառնալ, հատկապես այն երկրում, որտեղ մշակույթն ու մենթալիտետը տարբերվում են այն երկրից, որտեղ ես եմ մեծացել»,-մեկնաբանել է նա:
Սոբչակի այն հարցին արդյոք չի ցանկանում Վարդանյանը Հայաստանի նախագահ դառնալ 15 տարի հետո, ձեռներեցը բացասաբար է պատասխանել` հավելելով, որ հստակ գիտի, թե ինչ է ուզում անել:
«Ցանկանում եմ ստեղծել հիմնադրամների համակարգ, ցանկանում եմ նպաստել Ռուսաստանում բարեգործության ինդուստրիայի ստեղծմանը…Ես մի մարդ եմ, ով օգնելու է ստեղծել հետաքրքիր նախագծեր, նպաստելու է դրանց իրագործմանը, քանի որ կա դրանց մեծ անհրաժեշտություն: Ես օգնելու եմ մեծացնել երկրի վստահության ռադիուսը»,-ամփոփել է նա:




























