Հայաստանի կառավարության «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն` այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացրել է «Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքի արձանագրում բնակչության եւ կենդանիների շրջանում» թեմայով ուսումնավարժություն:
Սցենարի հիմքում սիբիրախտ հիվանդություննն էր` հաշվի առնելով այն, որ այս հիվանդությունը վտանգավոր է թե մարդկանց, թե կենդանիների համար եւ վերջին տարիներին մշտապես արձանագրվում է ՀՀ տարբեր մարզերում: Շտաբային ուսումնավարժության ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը։
Ուսումնավարժության նպատակներն էին`
• կատարելագործել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների անձնակազմի հմտություններն ու ունակությունները ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետեւանքների վերացման գործընթացի կազմակերպման եւ իրականացման ընթացքում.
• ստուգել եւ ճշտել ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետեւանքների վերացման ընթացքում համագործակցության վիճակն ու բարելավման ուղիները՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ եւ ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների միջեւ.
• ստուգել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության ոլորտները կարգավորող նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունավետությունն ու իրատեսությունը.
• ապահովել ՀՀ պետական սահմանային հսկողության (ներկրվող եւ արտահանվող ապրանքների նկատմամբ համապատասխան հսկողությունը, միկրոօրգանիզմների ախտածնության օրինաչափությունների վերաբերյալ իրազեկվածություն) իրականացումը, տարբեր շահագրգիռ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակումը, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված միջազգային նշանակության ԱԻ եւ հանրային առողջության ռիսկերի արագ բացահայտումը, չկրկնվող եւ նպատակային իրականացված միջոցառումների, արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործումը.
• ապահովել միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների պահանջների ներդրումը:
Շտաբային ուսումնավարժության ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները ներկայացրեցին սիբիրախտ հիվանդության յուրահատկությունները, վտանգները եւ արդիականությունը հանրապետության տարածքում:
Վարժանքի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված հիվանդության արագ հայտնաբերման, ախտորոշման, կանխարգելման ուղիների, պատվաստումների, կարանտինի եւ անկած կենդանիների այրման եւ սանիտարական նորմերին համապատասխան անասնագերեզմանոցների կառուցապատման հետ: Քննարկվեցին նաեւ շահագրգիռ գերատեսչությունների համագործակցության խնդիրները` սիբիրախտ հիվանդության բռնկումների ժամանակ:




























