Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածներից 23-ամյա Գրիգոր Ավետյանը եւ 21-ամյա Նոնա Թունյանն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Իսկ վթարի հետեւանքով մյուս տուժածը` 10-ամյա Վահե Թունյանը, դեռ գտնվում է հիվանդանոցում:  «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխայի վիճակը կայուն է, դեպի լավացում է գնում, ազդրերի կոտրվածքները սերտաճել են, բազկի եւ նախաբազկի բորբոքային պրոցեսը գնալով մարում է: Նա շեշտեց, որ բժիշկները ամեն ինչ անում են, որպեսզի միջադեպը երեխայի հետագա կյանքի վրա հետք չթողնի, այժմ նա անշարժացած է, կարող է քայլել, բայց թեւն անշարժացված է.  ընթացքը ցույց կտա`  ինչքան ժամանակից նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ  «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:

Վթարի  հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 37-ամյա Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 15-ամյա Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 40-ամյա Հայկ Մարտիկյանը, հիվանդանոցում մահացել է 41-ամյա Մալվինա Ղազարյանը:

Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝  23-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանները:

Վթարի հետեւանքով մահացողները ընտանիք են` ամուսին, կին եւ նրանց երկու երեխաները: Ընտանիքի հայրը 37-ամյա Վրույր Ղազարյանն է, նրա կինը` 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, երկու երեխաները`  6-ամյա Սերոբ  Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, իսկ 15-ամյա Աիդա Թունյանը, ով նույնպես զոհվել է, Վրույր Ղազարյանի քրոջ դուստրն է: Վրույր Ղազարյանը եւ Հերմինե Օհանջանյանն ունեն նաեւ 4-ամյա դուստր, ով մնացել էր տանը: Այժմ երեխայի խնամքով հավանաբար կզբաղվեն տատը եւ պապը, որոնք սակայն տարիքով են: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ Վրույր Ղազարյանի քույրը՝ 41-ամյա Մալվինա Ղազարյանը: