«Բոլորը գնում են Երեւան» ժողովրդական դիվանագիտական առաքելության եւ «Խաղաղության գավաթ» նախաձեռնության Լատվիայի եւ Էստոնիայի ներկայացուցիչներն, այսօր՝ հունիսի 14-ին, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր նրանց ընդունել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հանդիպմանը «Բոլորը գնում են Երեւան» ժողովրդական դիվանագիտական առաքելության ղեկավար Միլիս Կուբիցը, «Խաղաղության գավաթ» նախաձեռնության նախագահ Իւրի Կ’այդան եւ Ռիգայի ու Տալլինի հոգեւոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը ներկայացրել են առաքելության նպատակը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի մշակութային, պատմական եւ հոգեւոր արժեքների վրա եւ բարեկամական ձեռք մեկնել հայ ժողովրդին:

Նշվել է, որ ծրագրի շրջանակներում հունիսի 11-16-ին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են այցելել շուրջ 600 հասարակական եւ մշակութային գործիչներ:

Այնուհետեւ պատուիրակության այցը հայոց հոգեւոր կենտրոն ողջունել է Արշակ Սրբազանը` ներկաներին փոխանցելով Գարեգին Բ-ի օրհնությունն ու գնահատանքը խաղաղարարական իրենց կարեւոր առաքելության իրականացման համար:

Սրբազան Հայրը հույս է հայտնել, որ նախաձեռնությունն իր խորհրդի մեջ անարձագանք չի մնա եւ կնպաստի մարդկային հարաբերությունների մեջ խաղաղության եւ համերաշխության ամրապնդմանը: Մայր Աթոռի դիվանապետը մեծապես կարեւորել է Եկեղեցու` որպես խաղաղության քարոզչության առաջին ջահակրի դերակատարությունն այս նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:

Վերջում Կուբիցը եւ Կ’այդան, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ցուցաբերած զորակցության համար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին են փոխանցել «Խաղաղության գավաթ»-ի հարթաքանդակը: