Ապրիլի 9-ին Վահրամաբերդում ականի պայթյունից մահացած երեխաների ընտանիքները ստացան խոստացված օգնությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը:
Ռուսական կողմը ընտանիքներին բերել է սնունդ, հագուստ, կենցաղային տեխնիկա, ինչպես նաեւ գումար, 8 երեխա ունեցող ընտանիքին հատկացրել է 600 հազար դրամ, իսկ 6 երեխա ունեցողին` 500 հազար դրամ: Պաշտպանության նախարարությունն էլ երկու ընտանիքներին տվել է 150 հազար դրամական օգնություն, ինչպես նաեւ խոստացել վերանորոգել նրանց տները: Գյուղապետն ասաց, որ այժմ այդ աշխատանքներով են զբաղված, փաստաթղթերն են պատրաստում:
Իսկ մարզպետարանի, գյուղապետարանի, եկեղեցու եւ գյուղի բարերաներից տրամադրած գումարով ընտանիքները մահացած երեխաների գերեզմաններ են կառուցել:
Աղվան Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ այդ արոտավայրը շարունակում է մնալ նույն վիճակում, գյուղացիներն էլ այնտեղ անասուններ են արածացնում, պարզապես այժմ արդեն շատ ուշադիր են դարձել, երեխաներին չեն տանում: Տարածքում ցուցանակներ կան, զորավարժությունների, զենքի կիրառման օրերին էլ հերթապահներ կան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ մարզային ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներ: Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը եւ 1997 թ. ծնված Մ. Գեւորգյանը: Երկու երեխաները` 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը հարեւաններ են: Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարները արածեցնելու, երեխաները նրա հետ եւս գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, երեխաները տեսել են անիվները, գնացել են մոտը խաղացել, հարվածել են, ականները պայթել են: Հայրը պայթյունի ձայնը լսելով վազել է դեպի երեխաները, սակայն նրանք տեղում մահացած էին:
Ի դեպ, երկու ընտանքիներն էլ բազմանդամ են եւ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, տան տղամարդիկ հովիվներ են: 8 երեխա Մկրտչյանների ընտանիքում է, 6-ը` Գեւորգյաննների:




























