Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած նախագծերը՝ դրանց առեւտրայնացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
Անդրադառնալով Եվրոպական միության Գիտատեխնոլոգիական եւ ինովացիոն զարգացման «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության եւ ԵՄ-ի հետ գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունների մասին հարցին՝ վարչապետը կրկին հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ:
Այնուհետեւ խորհուրդը քննարկել է Գիտության արդյունքների առեւտրայնացման կենտրոնի ստեղծման նպատակահարմարության եւ բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման իրավական հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան մարմիններին դրանց ուղղությամբ շարունակել քննարկումները եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի նաեւ ՀՀ կառավարության հաստատմանը:






























