Հունիսի 17-ին բանդայի գործով դատավարությանը կորոշվի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանին հոգեբուժարան տեղափոխելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, ով «Եզդի Ճակո»-ի քույրն է: Մայրը փոխանցեց, որ որդին պարբերաբար բուժում է ստանում «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Ներկա պահին Քյարամ Ամոյանը դատապարտյալների հիվանդանոցում է, սակայն մայրը որդուն չի այցելում, քանի որ որդու հետ տեսակցությունը ծանր է տանում:

«Ես նրան այդ վիճակում չեմ կարողանում տեսնել: Այդ ամենն ինձ վրա ավելի ծանր է նստում, քան չտեսնելը»,- ավելացրեց Կարինե Ամոյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ  նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել է, ճնշումը կտրուկ բարձրացել է, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված է ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի:  «Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանանոցում էր պառկած»,- պատմել էր Քյարամ Ամոյանի մայրը:

Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ն ավելի ուշ կալանավորվել էին, որոնց թվում էր նաեւ Քյարամ Ամոյանը: