Սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու Վաշինգթոնի ծրագրերը կնպաստեն տարածաշրջանում  լարվածության սրացմանը։ Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է հունիսի 14-ի երեկոյան՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Լավրովը նաեւ հայտնել է, որ Դամասկոսի կողմից քիմիական զենք կիրառելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները արժանահավատ փաստերով ամրագրված չեն։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են լրացուցիչ ջանքեր գործադրել սիրիական կողմերի եւ շահագրգիռ երկրների հետ շփումների ուղղությամբ՝ առանց նախապայմանների Ժնեւյան կոմյունիկեի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով։ Ռուսական կողմն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել կոնֆերանսի մասնակից ինչպես սիրիական, այնպես էլ արտասահմանյան կազմերի իսկապես ներկայացուցչական բնույթը», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր, որ «ապօրինի զինված խմբավորումներին լրացուցիչ սպառազինություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կբարձրացնի ուժային առճակատման եւ խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մակարդակը: »։ Նշվում էր նաեւ, որ  «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ մեր գործընկերների մեղադրանքները համոզիչ չեն»։

Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ ընդունած որոշումը կավելացնի բռնության մակարդակը

Ավելի վաղ ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե իբր Սիրիայի իշխանությունները մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել ընդդիմադիրների նկատմամբ։