Աշտարակի բնակիչները դիմել են ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին` բողոքելով աղբավայր կառուցելու  հարցում պետական մարմինների` ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների անգործության դեմ, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:

Խնդիրն այն է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է աղբավայր կառուցել Երեւան-Աշտարակ մայրուղու մոտակայքում գտնվող մոտ 500 սեփականատերեր ունեցող խնձորի այգիների կենտրոնում: Ինչպես գրում են լրատվամիջոցները, ծրագիրը հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից:

«Արագածոտնի մարզպետի մոտ եղել ենք սույն թվականի ապրիլի 29-ին, որտեղ ներկա են եղել  ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության փոխնախարարները: Նրանց ներկայությամբ բանավոր կերպով եւ այդ նույն օրը Աշտարակի քաղաքապետին գրավոր կերպով խնդրել ենք կատարել անհրաժեշտ գործողություն, ինչը չի կատարվել մինչ օրս…»,- մասնավորապես նշված է դիմումում:

Բնակիչները համոզված են, որ տհաճ հոտը եւ կրծողները կոչնչացնեն այգին: Դիմումում նշված է, որ աղբավայրի նման օբյեկտի  կազմակերպումը պետք է անպայման փորձաքննության ստացման եւ հասարակական լսումների անցկացման  գործընթաց անցնի: «Բայց, ոչ մի քննարկում չի եղել…»,-նշում են նրանք: Ինչպես նաեւ պահանջում են տրամադրել նախագծի մասին տեղեկատվություն, եթե այն գոյություն ունի, տրամադրել տեղեկություն ընկերության մասին, որը մտադիր է իրագործել նախագիծը, եւ ներկայացնել բացատրություն այն մասին, թե շրջակա միջավայրի վրա ինչպիսի ազդեցություն եւ ռիսկեր է կրում քաղաքի աղբավայրի այդ նախագիծը: Մինչ այժմ դիմումին ոչ մի պատասխան չի եկել:

Հավելենք, որ մեր իշխանությունները չեն սիրում այգիներ` ոչնչացնելով դրանք առաջին հարմար դեպքում: Մենք չպահպանեցինք նույնիսկ մեր պատմամշակութային ժառանգություն Դալմայի այգիները, որոնք հետեւողականորեն ոչնչացվում են արդեն 10 տարի ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների եւ ՀՀ կառավարության բացարձակ անգործության պայմաններում: