Սյունիքի մարզի հողօգտագործողները բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ դժգոհում են, որ իրենց չի ասել շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութը եւ դիզելային վառելանյութը:
Բաց նամակում ասվում է.
«Մեծարգո պարոն Սարգսյան
Մենք հեռուստատեսությամբ շատ անգամ ենք լսել, որ ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներին օգնելու նպատակով, մարզերին շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ եք հատկացրել, բայց նախորոք ասենք, որ այն ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում մենք` գյուղացիներս, չենք ստացել, որովհետեւ Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանը շատ անօրինականությունների հետ միասին նաեւ կամայականություն է արել ազոտական պարարտանյութի եւ հատկապես հողօգտագործողներիս (ՀՀ կառավարության 2012թ.-ի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ) մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում:
Նա ազոտական պարարտանյութը տվել է իր եղբորը, մտերիմներին եւ հարազատներին, վերջիններիս շնորհիվ բարձր գներով վաճառել են մեզ եւ մյուսներին:
Օրինակ`
Գորիսում`ալրաղացի սեպականատիրոջը՝ Սպարտակ Հակոբյանին,
Խնձորեսկի համայնքի ղեկավար` Սերյոժա Հայրապետյանին,
Սիսիանում տվել է իր եղբորը` Արայիկ Թանգյանին եւ այլոց որոնց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է:
Իսկ դիզելային վառելանյութը տվել է ոչ միայն նշված անձանց, այլ նաեւ Սիսիան, Գորիս, Կապան քաղաքների վառելանյութ վաճառող լցակայաններին` թանկ գներով:
Վերը նշված մարդկանցից գումարը վերցրել է, տվել մի շարք համայնքի ղեկավարների, հանձնարարել, որ տվյալ համայնքի անունից վճարումներ կատարեն բանկում համապատասխան հաշվին, որի արդյունքում ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութը գյուղացիների մեծ մասին չի հասել, այլ իրականում Ս. Թանգյանի կողմից տրվել է վերը նշված անձանց, որից եւ խոշոր եկամուտ է ունեցել, մեր` գյուղացիներիս, հաշվին:
Խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի կանխվի Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանի կողմից բացահայտ կատարած չարաշահումները եւ մեզ հասանելի լինի ՀՀ կառավարության կողմից մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրումը»:



























