Կապանի քաղաքապետարանը որոշում է ընդունել խմելու ջրի մատակարարման եւ կոյուղու համակարգը 25 տարով անվճար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությանը փոխանցելու մասին, սակայն այս մասին պայմանագիր դեռ կնքված չէ, հաղորդում է «ԷկոԼուր»-ը: Հարցի ակտիվ քննարկումը տեղի է ունեցել հունիսի 13-ին` Կապանի քաղաքապետարանում:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, կազմակերպությունը դեմ է արտահայտվել այդ որոշմանը: «Մենք չենք հավատում «Հայջրմուղկոյուղուն», որ ստանալով մեր ջրի ողջ տնօրինությունը, այն լավ կկառավարի: «Հայջրմուղկոյուղի»-ն մինչ օրս չի կատարել դատական որոշումը` կոյուղատարերի մաքրման եւ ջրի աղտոտման արդյունքում էկոլոգիական աղետի վերացման մասին»,- նշեց Ղազարյանը: Անհանգստացնում է նաեւ այն, որ «Հաջրմուղկոյուղի»-ն մտադիր է 6 միլիոն դոլարի վարկ ստանալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկից ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերի վերակառուցման համար: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են ծախսվում ՎԶԵԲ-ի վարկերը: Ընկերությունը կասի, որ փոխել է ամբողջ համակարգը եւ մեծ ծախսեր ցույց կտա: Իսկ հետո կսկսի փակել վարկը եւ գերշահույթ ստանալ մեր հաշվին` ավելացնելով ծառայությունների վճարը: 9 տարվա ընթացքում մենք համոզվել ենք, որ «Հայջրմուղկոյուղի»-ն չի կատարում իր պարտավորությունները, եւ անթույլատրելի է նրա տնօրինությանը տալ մեջ ջուր»,- հայտարարել է Ղազարյանը: