«Տրանսաերո» ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Երեւան չվերթներ իրականացնել։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

UN263/264 չվերթը կիրականացվի ամեն օր՝ հետեւյալ չվացուցակով. «Վնուկովոյից» թռիչքը 10։50-ին, Երեւան ժամանումը՝ 13:30, հետադարձ թռիչքը՝ 14:20, Մոսկվա ժամանումը՝ 17:15 (Մոսկվայի եւ Երեւանի ժամերը համընկնում են)։

Հաղորդագրության համաձայն՝ նոր չվերթի ուղեւորները թռիչքներ կատարելու հնարավորություն կստանան, այդ թվում՝ «Տրանսաերոյի» Boeing 737 օդանավով, որն ունի բիզնես դասի 56 հարմարավետ նստատեղեր։ Օդանավում արագ ինտերնետը եւ բջջային արբանյակային կապն ապահովող սարքեր կան տեղադրված։

«Ինտերֆաքսը» գրում է, որ 2013թ. ամառային տարեշրջանին  ակտիվ փուլ է թեւակոխել  տարանցման հզոր «Տրանսաերո» կենտրոնի ստեղծումը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի Ա տերմինալի հիմքի վրա։

«Վնուկովոյում» գերհարմարավետ պայմաններ կստեղծվեն  Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ու Արեւմտյան Եվրոպայի երկրների միջեւ տարանցիկ չվերթների ուղեւորների համար։  «Վնուկովոյից» «Տրանսաերոն» ավելի քան 35 ուղղություններով չվերթներ կիրականացնի։