Եթե Գորիսի արյունալի դեպքից հետո «Լիսկան» (Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյան-խմբ) պատասխանատվություն չկրի, երկրում նոր սպանություններ տեղի կունենան: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, «Ժառանգություն» կուսակցության հավաքի ժամանակ նշեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 2-ի գիշերը Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած կրակոցներին, որի հետեւանքով կա զոհ եւ վիրավորներ:

«Եթե պարոն Լիսկան չի նստելու, ուրեմն նոր սպանություններ են լինելու: Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր ցանկացածը, եւ որն է օրենքի կիրառումը»,-ասաց նա:

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում: «Վաղը մենք մի քանի օրով կգնանք Սյունիքի մարզ: Դրանից հետո կայցելենք Շիրակի, Լոռիի եւ Տավուշի մարզեր: Ամռան ընթացքում մենք կլինենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց ոչ թե քաղաքացիների հետ հանդիպելու, այլ որպեսզի նոր ուժեր հավաքենք նոր պայքարի համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են Նոր Հայաստան կառուցել, թե՝ ոչ: Նրա խոսքով՝ նրանք, ովքեր հայտարարում են, որ չհաջողվեց ստեղծել Նոր Հայաստան, այնքան էլ հստակ չեն պատրեկացնում նոր երկրի կառուցման գործընթացը: «Որեւէ մեկը նրանց ասե՞լ է, որ մեկ ժամում հնարավոր է փոխել իշխանություններին, մեկ ժամով գալ Ազատության հրապարակ, երգեր երգել եւ գնալ տուն, նստել համակարգիչների առջեւ, դրանով համարելով, որ իշխանափոխությունն իրականացել է: Պայքարը պետք է շարունակական լինի»,-ամփոփեց ընդդիմության առաջնորդը: