Մայիսի 6-ին իմ նախաձեռնած շարժումը եւ պայքարն ուժի մեջ են, եւ ոչ ոք իրավունք չունի վատ արձագանքել այդ գործընթացին։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, «Ժառանգություն» կուսակցության հավաքի ժամանակ ասել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Եթե Հայաստանի քաղաքացիները երկրում փոփոխություններ են ցանկանում, ապա պետք է պատրաստ լինեն բազմաչարչար պայքարի, ոչ թե համակարգչի առջեւ նստած Facebook սոցցանցում ամպագոռգոռ ստատուսներ գրեն եւ մնացածներին քննադատեն։ Մենք պատրաստ ենք քննադատություն լսելու, քանի որ «Ժառանգության» անդամ ենք։ Այս տարվա ընթացքում մեկ անգամ ամբողջ ժողովուրդը պայքարի ուղի դուրս կգա կամ էլ յուրաքանչյուրը կսկսի տարբեր դրոշներով հանդես գալ»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Նա նաեւ նշել է, որ տվյալ փուլում կարեւորը հաղթանակի հանդեպ ժողովրդի հավատը վերականգնելն է, քանի որ երկրում չեն մարել պայքարի օջախները։
Հովհաննիսյանը նաեւ երկրի իշխանություններին խորհուրդ է տվել ժողովրդի արտագաղթի մեղքը քաղաքական այլ ուժերի վրա չբարդել։ «Այն, որ ժողովուրդը հեռանում է, դրանում մեղավորը խորհրդարանն ու իշխանությունը մենաշնորհած ուժն է, դրանում «Ժառանգության», «Նախախորհրդարանի», ՀԱԿ-ի, Դաշնակցության կամ «Բարգավաճ Հայաստանի» մեղքը չկա։ Ամեն ինչում մեղավոր է իշխող կուսակցությունը եւ մեկ մարդու ինքնահավանությունը»։




























