Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է։ 2013 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է երաշտը եւ ջրի սակավությունը:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանխատեսումները ցույց են տալիս, որ 2025թ. մարդկության 2/3 կառնչվի ջրի սակավության խնդիրներին:
Ջրի սակավությունը առավել խոցելի է դարձնում չորային շրջաններում ապրող բնակչությանը, ինչը առաջացնում է լարվածություն: Յուրաքանչյուր մարդու բարեկեցիկ կյանքի ապահովման եւ կայուն զարգացման համար անհարժեշտ է տարեկան մոտ 2000մ3 քաղցրահամ ջուր: Սակայն չորային շրջաններում բնակվող 1 մարդու հաշվարկով հասնում է մոտ 1300մ3 քաղցրահամ ջուր: Դա է պատճառներից մեկը, որ չորային շրջաններում ապրող բնակչության որոշ մասը հայտնվում է աղքատության մեջ:
Երաշտը լուրջ ազդեցություն է թողնում գյուղմթերքների արտադրության վրա: Երաշտը ի տարբերություն այլ բնական բացասական երեւույթների հնարավոր է կանխատեսել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել հետեւանքների մեղմացման ուղղությամբ:
Այս տարվա կարգախոսն է «Թույլ մի տուր չորանա մեր ապագան»:
Հայաստանը գտնվելով չորային շրջանում նունպես ենթարկվում է անապատացման եւ մեծ վնասներ է կրում ջրային ռեսուրսների սակավությունից, ինչը բերում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը:
Ջրային ռեսուրսների պահպանությունը եւ արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը հանրապետության տարածքում անապատացման դեմ պայքարի գործընթացում ունի վճռորոշ նշանակություն, որի առաջնահերթ խնդիրներից են ջրային ռեսուրսների ճիշտ հաշվառումը, բաշխումը եւ աղտոտումից պահպանումը:
Հանրապետության մակերեւույթային ջրային պաշարները տարեկան կազմում են 6250 մլն.մ3, իսկ հաստատված շահագործական ստորերկրյա ջրային պաշարները` 1200 մլն.մ3:
Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության եւ արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը Սեւանա լճի պահպանությունն է, որի քաղցրահամ ջրերը տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրերի հիմնական աղբյուրը:
Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության գործում առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում նաեւ աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, դադարեցումը եւ հետագա կանխարգելումը: Հայտնի է, որ Հայաստանի հիդրոէկոհամակարգերի էվտրոֆացման եւ աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը, որոնց բացասական ազդեցության հետեւանքների վերացմանը կամ մեղմացմանը պետք է նպատակաուղղված լինեն հետեւյալ միջոցառումները.
• կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում,
• Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրով նախատեսված գործողությունների իրականացում,
• ջրային աղբյուրների սանիտարական նորմերի պահպանում,
• հանքային պարարտանյութերի օգտագործման սահմանափակում,
• ջրային ռեսուրսների մոնիտորինգի անխափան իրականացում,
• սանիտարական գոտիների ցանցի ընդլայնում:




























