Հունիսի 23-ին Սուրենավանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, գյուղապետի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է երկու թեկնածու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Թեկնածուներից մեկը ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանն է, մյուսը` ԲՀԿ-ից` Վազգեն Ղազարյանն է, երկուսն էլ չեն աշխատում:
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնեցին նաեւ, որ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է մեկ անձ` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունից:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա պրիորա» մակնիշի 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը` Սուրենավանի գյուղապետ 51-ամյա Վարդգես Ղազարյանը տեղում մահացել է: Գյուղապետի հարազատները «բացահայտել էին» նրա վթարի ենթարկվելու վերաբերյալ «մութ էջեր»: Դեպքի վայրի մոտ գործող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել էին, թե գյուղապետի «դեմը կտրել» է մի սեւ մեքենա, որի համարանիշը չեն հայտնում:




























