Սեւանա լճում 2013թ առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան մեկ դեպք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Սարգիս Հարությունյանը: Նա նշեց, որ ամբողջ 2012թ ընթացքում ջրահեղձման 7 դեպք էր արձանագրվել, որոնցից 3-ը ձկնորս էին, իսկ 4-ը ամառվա ընթացքում է արձանագրվել:

Սարգիս Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում ստացել են 11 ահազանգ, որոնցից 7-ը որոնողական աշխատանքներ էին, 3-ը` փրկարարական, 1-ը` որոնողափրկարարական:

Նա նկատեց, որ տարեցտարի մահվան դեպքերը Սեւանում նվազում են, որոնք պայմանավորված են նախազգուշական, կանխարգելիչ աշխատանքներով, մարդկանց ավելի զգուշավոր դառնալով:

Սարգիս Հարությունյանը նշեց, որ հունիսի 1-ից արդեն հսկողություն են իրականցնում Սեւանի լճի հանրային լողափերում: Նրա խոսքով` Սեւանում «պիկ» սեզոնը սկսվում է հուլիսից, դժբախտ դեպքերն էլ ամենաշատը այդ ժամանակ են արձանագրվում: Ըստ որում` Սեւանում ավելի շատ տղամարդիկ են խեղդվում, քան կանայք` պայմանավորված ալկոհոլի, սննդի օգտագործմամբ, սիրտ-անոթային հիվանդություններով:

Նա կոչ արեց լողալ նորմալ լողափերում, որտեղ հսկողություն կա, զերծ մնալ չհսկվող տարածքներում լողալուց, ալկոհոլ օգտագործած չմտնել ջուրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեւանա լճում փետրվարի 6-ին ժամը 17.00-ի սահմաններում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Հայրավանք գյուղի ափամերձ շրջանում հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացի, 50-ամյա Ալեքսանդր Տրախտենբերգի դին: Նա ջրասուզակ է եղել, փրկարարները նրան ջրից դուրս են բերել ջրասուզակի հանդերձանքով: