NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւան լճում խեղդված Ուկրաինայի քաղաքացի, 50-ամյա Ալեքսանդր Տրախտենբերգի մասին: Նա հյուր էր եկել Հայաստան եւ մի քանի օր մնացել Բերդկունք գյուղում: «Երեւանից մեկին հյուր է եղել, այդ հյուրը մեր գյուղում ծանոթ ունի, միասին եկել են մեր գյուղ: Ջրասուզակի շորերով մտել է ջուրը, 40-50 մետր խորությամբ, մեկ էլ խցանի նման թռավ վերեւ, մինչեւ հանեցին ջրից, մահացած էր»,- հայտնեց Բերդկունք գյուղի բնակիչներից մեկը:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հետաքննություն է կատարվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փրկարարներն էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ջրասուզակը ջրում է մահացել, դատելով նրա հագուստից եւ տեխնիկայից` նա պրոֆեսիոնալ էր, ուներ բավականին թանկարժեք տեխնիկա: Իսկ ջրում մահանալու պատճառները կարող են տարբեր լինել` ինֆարկտ, ինսուլտ, սպազմ, բայց ամեն ինչ կպարզի փորձաքննությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեւանա լճում փետրվարի 6-ին ժամը 17.00-ի սահմաններում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Հայրավանք գյուղի ափամերձ շրջանում հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացի, 50-ամյա Ալեքսանդր Տրախտենբերգի դին: Նա ջրասուզակ է եղել է, փրկարարները նրան ջրից դուրս են բերել ջրասուզակի հանդերձանքով:





























