Երեւանի քաղաքապետարանը առայժմ չի մեկնաբանում  «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի բաց նամակը քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում նշվում է, թե իրենց մաշված եւ չգործող մեքենա են տրամադրել: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոցների վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չի կարող մեկնաբանել այդ տեղեկությունը, քանի որ չի տիրապետում, թե «Բարեւ Երեւան» խմբակցությանը եւ մնացած խմբակցություններին ինչ մեքենաներ են տրվել: Ինչ վերաբերում է  Անահիտ Բախշյանի ներկայացրած մեքենաների լուսանկարներին, ապա Արթուր Գեւորգյանը երկրորդ մեքենայի լուսանկարը արժանահավատ չի համարում, քանի որ դրա վրա առկա չէ քաղաքապետարանի աշխատակազմին տրամադրվող պետհամարանիշը, այն հիշեցնում է տվյալ մակնիշի մեքենայի գովազդային լուսանկարը: «Քանի դեռ չկա մնացածներին տրված մեքենաները, որեւէ բան չեմ մեկնաբանում: Կլինի համարանիշ, որը կփաստի, որ կոնկրետ քաղաqապետարանին պատկանող մեքենա է, կմեկնաբանենք»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ նշում է, որ «Բարեւ Երեւան» խմբակցությունը հրաժարվում է իրեն հատկացված մեքենայից: Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Հայտնում ենք Ձեզ, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ «Բարեւ Երեւան» խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում»:

«Բարեւ Երեւան» խմբակցությանը տրամադրված ավտոմեքենայի եւ մյուս խմբակցություններին տրամադրված մեքենայի օրինակի լուսանկարները ներկայացվում են: