Ռուսաստան առանց վիզայի մեկնած արտասահմանցիներին կարող են միգրացիոն պարտամուրհակներ պարտադրել: Համապատասխան օրենքներում փոփոխությունները մշակել են Պետդումայի պատգամավորներ Ալեքսեյ Ժուրավլյովը («Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, «Ռոդինա» կուսակցության նախագահ)  եւ Սերգեյ Ժիգարյովը (ՌԼԴԿ), գրում է «Կոմերսանտը»:

Օրինագծի տեղեկանք-հիմնավորումում ասվում է, որ 2012թ. ՌԴ է մուտք գործել  15,88 միլիոն մարդ, ընդ որում՝ տրվել է աշխատանքի 1,34 միլիոն  թույլտվություն: «Նշված թվերն արտացոլում են միայն պաշտոնական վիճակագրությունը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` երկրի տարածքում մշտապես գտնվում են 3-7 միլիոն ապօրինի ներգաղթյալներ», — ասված է փաստաթղթում:

Պատգամավորները նշում են, որ  2012թ.  ՌԴ-ից արտաքսվել էր 35 հազար 134 մարդ, իսկ Միջին Ասիայից քաղաքացու արտաքսման միջին արժեքը կազմում է  30-40 հազար ռուբլի: Տվյալ ծախսերը չարդարացված ծանրաբեռնվածություն են ստեղծում երկրի բյուջեի համար, կարծում են օրինագծի հեղինակները:  

Օրինագծի ընդունումը թույլ կտա ՌԴ-ի բյուջե ներգրավել տարեկան մինչեւ  225 միլիարդ ռուբլի հավելյալ միջոցներ:   Միգրացիոն պարտավորագիրն անվանական առանց տոկոսի գանձապետական փաստաթուղթ է:  Արտասահմանցի քաղաքացին այն պարտադիր պետք է մարի Ռուսաստանից մեկնելիս: