Սիրիայի իշխանությունները խստորեն դատապարտել են Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիին՝ Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու համար: «Սիրիան խստորեն դատապարտում է նման անպատասխանատու դիրքորոշումը, որը Մուրսին որդեգրել է՝ տարածաշրջանում ամերիկա-իսրայելական դաշինքի շահերից ելնելով: Եգիպտոսի նախագահը միացել է հակասիրիական դավադիրների դաշինքին, որը ղեկավորում են ԱՄՆ-ն ու Իսրայելը:  Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիրիայի բանակը մեծ հաջողությունների է հասել երկրի ողջ տարածքում ավազակային խմբավորումների դեմ պայքարում»,-հայտարարել է Սիրիայի կառավարության պաշտոնական աղբյուրը, որը մեջբերում է միջազգային «Դամասկոս» ռադիոկայանը:

Աղբյուրն ընդգծել է. «Սիրիան համոզված է, որ նախագահ Մուրսիի նման որոշումը չի արտահայտում եղբայրական եգիպտացի ժողովրդի կամքը, որը սիրիացի ժողովրդի հետ կապված է պատմական բարեկամական կապերով եւ գաղութարարների եւ օկուպանտների դեմ համատեղ պայքարով:

«Պարադոքսալ է, որ Եգիպտոսի ղեկավարությունը Կահիրեում Իսրայելի դեսպանատունը փակելու եւ սիոնիստ օկուպանտների դեմ պայքարում Պաղեսիտինի ժողովրդին աջակցելու փոխարեն, փակել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը»,-նշել են Դամասկոսում:

Եգիպտոսի նախագահի այդ որոշումն արդեն դատապարտել են եգիպտական որոշ կուսակցություններ: