Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Նա նշեց, որ վերջինս հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր, ինքն էլ ընդունել է: Մարզպետը պատրաստվում է հենց այսօր նոր պաշտոնակատար նշանակել: Կովալենկո Շահգալդյանը մե զհետ զրույցում ասաց, որ Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի իր օգնական Վրեժ Մնացականյանին:
Իսկ թե ինչն էր նախորդ պաշտոնակատարի հրաժարական ներկայացնելու պատճառը, ապա նա մարզպետին հայտնել է, որ չի ցանկանում աշխատել այդ պաշտոնին, ինքը ցանկանում էր խաղաղություն հաստատել, լարվածությունը չեզոքացնել, բայց մարդիկ չուզեցին:
Նշենք, որ մոտ 200 պռոշյանցիներ հունիսի 10-ին, փակել էին գյուղապետարանի մուտքը եւ չեն ընդունել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինե Մելիքյանին, նրանք պահանջել են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից փոխել պաշտոնակատարին: «Յուրաքանչյուր ոք գյուղապետարանից կարող է լինել, բայց իրենք փորձում են Մուրադյանի հակառակորդներից մեկին բերել Մուրադյանի կոլեկտիվի վրա դարձնել պաշտոնակատար, որը եւ բարոյապես չի նայվում, եւ պետք չէ նման բան անել: Մուրադյանին սպանել են, հանգիստ նստում ենք, սպասում իրավապահներին, բայց իրենք գալիս են, մեղվի բույնն են քրքրում»,- ասել էր Մուրադյանի եղբորորդին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով:




























