Հունիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը, հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են եւ պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում եւ հրապարակային ներողություն:




























