Ռուսաստանի գլխավոր դատախազությունը նախապատրաստվում է Վրաստանի իշխանություններին հանձնել ծնունդով դաղստանցի Միքայիլ Քադիեւի արտահանձնման վերաբերյալ հայց: Նա Ռուսաստանում մեղադրվում է Դաղստանի հանրապետության Խասավյուրտի շրջանի ղեկավարի սպանության մեջ:  Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Վրաստանի ՆԳՆ-ն, հունիսի 13-ին հաղորդել էր ահաբեկչության կանխման եւ Թբիլիսիում երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման մասին: Նրանցից մեկը դաղստանցի Միքայիլ Քադիեւն է եղել:

Մինչ այդ, ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, երկրորդ ձերբակալված անձը Քադիեւի զարմիկն է: Նա դատարանում հայտարարել է, որ Վրաստան է ժամանել իր բիզնես-հետաքրքրությունների շրջանակներում, եւ որեւէ առնչություն չունի այն ամենի հետ, ինչի մեջ իրեն մեղադրում են: «Որեւէ ահաբեկչության հետ մենք կապ չունենք»,-հայտարարել է ամբաստանյալը:

Միքայիլ Քադիեւն էլ դատարանին հայտնել է, որ պատրաստ է ստուգվել ստի դեդեկտորի միջոցով: Նա հայտարարել է, որ Վրաստան է ժամանել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ. «Ոչ Ռուսաստանում, ոչ էլ իմ քաղաքում ես չէին կարողանա ապրել այնպես, ինչպես ցանկանում եմ»: