Երեւանում փողոցային ապօրինի առեւտուրն արգելելու եւ գյուղատնտեսական բացօթյա շուկաների գործունեությունը կանոնակարգելու նպատակով` դեռեւս 2011 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից վարչական շրջանների տարածքներում առանձնացվել են որոշակի հողատարածքներ, որոնցում նախատեսվել է կառուցել ոչ հիմնական շինություններ՝ գյուղատնտեսական մթերքների առեւտուր կազմակերպելու համար։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդպիսի փոքր շուկա կառուցելու նպատակով՝ համապատասխան տարածք էր առանձնացվել նաեւ Երեւան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի հ.2/8 հասցեում: Այստեղ, ի դեպ, մինչեւ 2011 թվականի նշված միջոցառումների իրականացումը, տարիներ շարունակ իրականացվել է բացօթյա անկանոն առեւտուր: Գյուղմթերքների բացօթյա շուկայի համար նախատեսված ոչ հիմնական շինությունը, սակայն, կառուցապատողը ժամանակի ընթացքում վերածել էր կրպակաշարի, որի հետեւանքով խախտվել էր ինչպես նշված կառույցի օգտագործման, այնպես էլ նախատեսված առեւտրային գործունեության նպատակային նշանակությունը։ Նշված փաստը հայտնաբերելուց հետո, ինչպես նշել է երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, ապօրինի շինություն կառուցելու համար Երեւանի քաղաքապետարանի կողմից «Արամ եւ Վարուժան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն՝ իրավախախտողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Ապօրինի կառուցված կրպակաշարը քանդվել է՝ տարածքը հետագայում նպատակին ծառայեցնելու նպատակով։




























