Հունիսի 18-ին, Հայաստանում կկայանա պետական ավարտական եւ միասնական քննություն «Ֆիզիկա» առարկայից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն ասաց, որ «Ֆիզիկայից» քննություն կհանձնի 2482 դիմորդ:

Ինչ վերաբերում է հունիսի 14-ին կայացած «Օտար լեզվի» քննությանը, ապա դիմորդների 5 տոկոսը չի հաղթահարել նվազագույն միավորի շեմը, 22 տոկոսը ստացել է 7,5-13 միավոր, 40 տոկոսը` 13-18 միավոր, իսկ 30 տոկոսը` 18-20 միավոր: «Օտար լեզվից» միջին միավորը կազմում է մոտ 15, ավելի քան 350 դիմորդ ստացել է առավելագույնը 20 միավոր:

Ի դեպ, հունիսի 21-ին «Պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից քննությամբ ավարտվում է միասնական քննությունների առաջին փուլը: